«Առավոտ» թերթը գրում է.

Վերջին տարիներին «Յունիբանկը» շատ ակտիվ գործունեություն է ծավալում մանրածախ վարկավորման շուկայում` զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ և կանխիկ վարկերի գծով: Վարկերի ծավալների մեծացմանը զուգընթաց առաջ է գալիս նաև վարկային պորտֆելի ռիսկերի ճիշտ գնահատման, կառավարման և կանխատեսման անհրաժեշտությունը: Ինչպես է բանկն իրականացնում է ռիսկերի վերահսկումը, ինչ չափանիշների հիման վրա է գնահատում հաճախորդի վարկունակությունը, Հայաստանի որ մարզում են ապրում ամենապարտաճանաչ վարկառուները և ինչ օրինաչափություն է առաջ գալիս բանկային վիճակագրության ուսումնասիրության արդյունքում զրուցեցինք «Յունիբանկի» ավագ ռիսկ-մենեջեր Սերգեյ Քոչարյանի հետ:

— Պարոն Քոչարյան, նախ կխնդրեի պարզ լեզվով ներկայացնել թե ի՞նչ է մանրածախ վարկային ռիսկը և ինչպե՞ս է իրականացվում դրա կառավարումը բանկում:

-Մանրածախ բիզնեսը «Յունիբանկի» զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է և մենք հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում մանրածախ վարկային ռիսկերի կառավարմանը: Դա ընդհանուր ռիսկերի կառավարման գործընթացի մի մասն է: Մենք մշակել և ներդրել ենք մանրածախ ռիսկերի կառավարման հատուկ մոդելներ, որոնք թույլ են տալիս ժամանակին չափել, ճանաչել և կառավարել տվյալ ոլորտին հատուկ ռիսկերը: Ես կառանձնացնեմ կարևորագույն երկու փուլ. վարկային ռիսկի կանխարգելման և առկա ռիսկերի ճանաչման, չափման և նվազեցման փուլերը:

-Իսկ ինչպե՞ս է բանկը գործնականում իրականացնում ռիսկերի կանխարգելումն ու զսպումը:

-Կանխարգելում ասելով` հասկանում ենք վատորակ վարկերի «մուտքի» հնարավոր նվազեցումը բանկի վարկային պորտֆել: Տվյալ խնդրի լուծման համար մենք մշակել և ներդրել ենք վարկային ռիսկի նվազեցման սքորինգային համակարգ, որի միջոցով ավտոմատացված մշակվում է հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը` սկսած վարկային հայտի մուտքից մինչև վարկային պայմանագրի կնքումը: Սքորինգային համակարգը հաշվի է առնում վարկային ռիսկի բոլոր բաղադրիչները, այդ թվում` վարկային պատմությունը, վարկունակությունը, վարկերով ծանրաբեռնվածությունը, հաճախորդի դասակարգումը` ըստ սոցիալական կարգավիճակի, տարիքային խմբի, բնակության վայրի և այլն: Արդյունքները ամփոփվում են և վարկառուները ներառվում են համապատասխան ռիսկի խմբերում: Բնականաբար վարկերը տրամադրվում են ցածր ռիսկային խմբում ներառաված հաճախորդներին: Այսինքն` վարկային սկորինգը հաճախորդի վարկունակության գնահատումն է նրա սոցիալական նկարագրի հիման վրա, որն էլ ստանում ենք վիճակագրական վերլուծության շնորհիվ:

Մենք իրականացնում ենք վարկային պորտֆելի վինտաժային վերլուծություն` ըստ վարկատեսակների, մասնաճյուղերի և սքորինգային խմբերի: Վերլուծության արդյունքում, ինչպես նշեցի, վարկառուներն առանձնացվում են ըստ խմբերի և վարկերի տրամադրման ժամանակահատվածների, ու դիտարկվում են դրանց վարքագծերը ժամանակի ընթացքում: Հենց վինտաժային վերլուծությունն է, որ հնարավորություն է տալիս հասկանալ, թե հաճախորդների որ խմբերին է առավել նպատակահարմար վարկավորելը, ում առաջարկել նոր վարկատեսակը, ինչպիսի տենդենց է նկատվում շուկայում և ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել: Այսինքն,վինտաժային վերլուծությունը մեզ ազդակներ է տալիս, թե ինչպես փոփոխենք սքորինգային համակարգը, միևնույն ժամանակ հաշվի առնելով սպասվող կորուստները, մենք կարողանում ենք գնագոյացման ճիշտ քաղաքականություն վարել:

Բանկի համար ևս մեկ կարևոր չափանիշ է DTI (Debt-To-Income) ցուցանիշը: Դա պարտավորության և հաճախորդի եկամուտների հարաբերակցությունն է: Չէ որ բանկը պետք է վարկ տրամադրի այն հաճախորդին, ով իսկապես ի վիճակի է այն մարել: Այդ իսկ պատճառով անընդհատ ուսումնասիրվ է ՀՀ վիճակագրական վարչության կողմից հրապարակվող տվյալները, կատարում տարբեր վերլուծություններ բնակչության կողմից տնօրինվող եկամտի փոփոխության վերաբերյալ, որոշում վարկերի առավելագույն սահմանաչափեր տարբեր խմբերի համար` վարկային ռիսկը հնարավորինս նվազագույն մակարդակի վրա պահելու համար:

Այսօր «Յունիբանկում» հաստատվում են ներկայացված վարկային հայտերի մոտ 40%-ը:

– Ելնելով վերլուծության արդյունքներից կներկայացնե՞ք ամենապարտաճանաչ վարկառուների խմբերը:

– Ինչպես ցույց է տալիս մեր վիճակագրությունը, կանայք առավել բարեխիղճ հաճախորդ են հանդիսանում, քան տղամարդիկ: Եթե տղամարդկանց մոտ 5%-ը վարկերի գծով վճարումները ժամանակին չի կատարում, ապա կանանց մոտ այդ ցուցանիշն ընդամենը 3.5% է: Տարիքային արտահայտությամբ՝ ամենապարտաճանաչ խումբն են 40-50 տարեկան վարկառուները, իսկ ապրելատեղի ցուցանիշով` Շիրակի մարզի բնակիչները: